20 դեկտեմբերի 2000 - 17:31 AMT
15 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ, ԱՍՎՈՒՄ Է ԿՀՎ-ի ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
20.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«2015 թվականին չլուծված հակամարտությունների, թույլ տնտեսության եւ Ռուսաստանի միջամտության պատճառով Հարավային Կովկասը շարունակելու է մնալ անկայունության գոտի»: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության /ԿՀՎ/ տնօրենի պատվերով Ազգային Հետախուզական Խորհրդի կողմից անցկացրած «Համընդհանուր միտումներ- 2015» հետազոտության մեջ:
Հետազոտության մեջ նշվում է, որ մինչեւ 2015 թվականը «Վրաստանը էներգակիրների տարանցման շնորհիվ հնարավոր է հասնի որոշակի քաղաքական եւ տնտեսական կայունության, սակայն այս պետությունը շարունակելու է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»:
«2015 թվականին Հայաստանը կշարունակի մնալ մեկուսացման մեջ եւ կպահպանի իր ռուսամետ եւ իրանամետ կողմնորոշումները», - ասվում է հետազոտության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա «Համընդհանուր միտումներ-2015»-ի հեղինակների կանխատեսումներով, էներգետիկ հատվածի զարգացումը չի նպաստի այս երկրի քաղաքացիների բարեկեցության աճին: «15 տարի անց կաշառակերությունը շարունակելու է գերիշխել ադրբեջանական հասարակության մեջ», - ասվում է հետազոտության մեջ: --0--