Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ իրենց ակումբի հետ առնչություն ունենալու մասին «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Մինաս Ավետիսյանի առաջին ծանոթությունն ակումբի ներկայացուցիչներից առաջինի` խորհրդի նախագահի հետ, տեղի է ունեցել իր տված ասուլիսից 5 ժամ անց` «Երկիր-Մեդիա» հեռուստաըկերությունում հաղորդման տեսագրությունից 5 րոպե առաջ: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած ակումբի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գյումրուց Երևան Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխման մասին հունիսի 14-ին Երևանում ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը և «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Արման Ավտիսյանը մի քանի անգամ նշել է, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մասնակից է եղել որմնանկարների` Գյումրիում մնալու, այստեղ նորոգելու իր հետ տեղի ունեցած քննարկումներին և բանակցություններին: Ասել է, թե իբր «Ասպարեզ» ակումբը նկարների վերականգնման համար պահանջներ է առաջադրել իրեն, որոնք անիրագործելի են եղել և այլն: «Արմեն Ավետիսյանը մոտ մեկ ամիս շփված լինելով Գյումրու մշակույթի եւ մտավորականության մի շարք ներկայացուցիչների հետ, նրանցից նամակներ ստանալով եւ պատասխանելով դրանց, այդպես էլ չի հասկացել, որ նրանք «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները չեն եւ ուղղակի կապ չունեն այս կազմակերպության հետ: Ա.Ավետիսյանը, փաստորեն, լուրջ չի վերաբերվել այս մարդկանց հետ ունեցած իր զրույցներին եւ նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասվում է «Ասպարեզ» ակումբի հաղորդագրության մեջ: