16 հունիսի 2011 - 12:45 AMT
ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Դևյատովի «ЯR-марка» խումբը համերգ կտա Երևանում

Հունիսի 16-ին Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանա ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Դևյատովի «ЯR-марка» խմբի համերգը` նվիրված Ռուսաստանի օրվան:

Համերգն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում` Հայաստանում ռուսական մշակույթի սեզոնների ծրագրով: Վլադիմիր Դևյատովն ավարտել է Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ժողովրդական մեներգի բաժինը: 1985 թ. նրա կողմից ստեղծվել է «Ռուսական մեղեդիներ» ժողգործիքների անսամբլը, որի կազմում հանդես է եկել որպես մեներգիչ, արժանանալով մի շարք հեղինակավոր մրցույթների և փառատոների դափնեկրի կոչման: Նա ռուսական ժողովրդական երգեցողության դպրոցի միակ ներկայացուցիչն է, ով արժանացել է «Սան-Մարինո միջազգային գիտությունների ակադեմիայի արվեստի պատվավոր մագիստրոսի» կոչմանը (1995 թ.):

2004 թ. Վլադիմիր Դևյատովը ստեղծել է «ЯR-марка» ֆոլկ համույթը, որի կազմում հանդես են գալիս 8 վոկալիստներ, 8 պարողներ և 6 երաժիշտ-կատարողներ: «ЯR-марка» ֆոլկ համույթի վոկալ մասը կազմվել է Ռուսաստանի մարզերի ներկայացուցիչներից, ինչի շնորհիվ Ռուսաստանի տարբեր աշխարհագրական մարզերին բնորոշ ձայնային բազմազանությունը երգչախմբի համար ապահովել է յուրահատուկ հնչողություն:

«ЯR-марка»-ի գործիքային մասը ժամանակակից երաժշտական տարբեր ուղղությունների ազդեցության կրողն է, ինչի շնորհիվ խմբի երաժշտական ներկապնակի մեջ ընդգրկվել են ոչ միայն ժողովրդական գործիքներ (բայան, բալալայկա, դոմրա և այլն ), այլև ժամանակակից տեխնիկա (հարվածային գործիքներ, սինթեզատոր, հատուկ էֆեկտներ): Անսամբլի գործիքային մասի միջուկը կազմում են «Ռուսական մեղեդիներ» անսամբլի երաժիշտները: