20 հունիսի 2011 - 14:00 AMT
Հայ փախստականներն ավելի մեծ ուշադրություն են պահանջում միջազգային կազմակերպություններից

Ադրբեջանից հայ փախստականների խնդրի լուծումը ղարաբաղյան կարգավորման անկյունաքարն է: Այդ մասին Երևանում կայացած Փախստականի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Ինչպես ասել է Այվազյանը, Հայաստանում բնակվում է շուրջ 360 հազար փախստական, որոնք բռնագաղթվել են Ադրբեջանից:

«Հայ փախստականների խնդրի լուծումը սերտորեն կապված է բանակցային գործընթացի և ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Կազանի հանդիպման շեմին մենք ցանկանում ենք հիշեցնել միջնորդներին ու միջազգային կազմակերպություններին, որ Հայաստանն առաջին տեղում է տարածաշրջանում փախստականների քանակով, և որ, երբ միջնորդները խոսում են փախստականների վերադարձի մասին նախկին բնակության վայրեր, ապա պետք է հասկանալ, որ խոսքն առաջին հերթին հայ փախստականների մասին է»,-ասել է Այվազյանը՝ հավելելով, որ հայ փախստականները պատրաստ են վերադառնալ Ադրբեջան, սակայն, վստահ չեն, որ իրենց այնտեղ պատրաստ են ընդունել: