20 հունիսի 2011 - 14:08 AMT
Սերգեյ Մովսիսյան–Դավիթ Նավարա շախմատային դուելն ավարտվեց չեխ գրոսմայստերի հաղթանակով

Ավարտվեց շախմատային դուելը գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (Հայաստան) և Դավիթ Նավարայի (Չեխիա) միջև: Վեց պարտիաների արդյունքում առավելության հասավ չեխ շախմատիստը` հաղթանակ տանելով 3,5:2,5 հաշվով:

Որոշիչ դարձավ չորրորդ պարտիան, որում Նավարան սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ: Մնացած 5 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Իսկ Ջերմուկում 71 շախմատիստների մասնակցությամբ շարունակվում է Կարեն Ասրյանի չորրորդ հուշամրցաշարը: Խաղարկված 4 տուրերի արդյունքում առաջատարն է Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան), որը 4 միավոր է վաստակել: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն առայժմ Աշոտ Նադանյանինն է, որը 3,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: