Օրենսդրության նախարարական հանձնաժողովը հրաժարվել է ընդունել Քնեսեթի պատգամոր, պրոֆեսոր Արյե Էլդադի օրինագիծը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու մասին: Պատգամավոր Էլդադն առաջարկել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին դպրոցներում պատմեն Հայոց ցեղասպանության մասին: Նա կոչ է արել կառավարությանը «չվախենալ Թուրքիայից» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախարարական հանձնաժողովը մերժել է առաջարկը:
Էլդադը հայտարարել է, որ «բոլոր խորհրդարանականները սատարում են իրեն, սակայն, վախենում են քվեարկել»: «Ցավոք, ես չգիտեմ, թե ինչ է եղել հանձնաժողովի նիստում: Ես նախարար չեմ և այն մասին, թե ինչ է կատարվել փակ դռների ետևում, չգիտեմ: Սակայն, ես մտադիր չեմ հանձնվել, հունիսի 22-ին ես կբարձրացնեմ այդ հարցը Քնեսթի ընդլայնված նիստում, կքվեարկենք»,-ասել է Էլդադը:
Մայիսի 18-ին Քնեսեթը որոշել էր քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Այդ հարցը փոխանցվեց Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովին, որը ղեկավարում է Ալեքս Միլլերը:
Մայիսի 23-ին «Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունից ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը հայտարարեց. «Ոչ մի շանս չկա, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ վիճահարույց հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհի մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ»,-հայտնում է IzRus-ը: