20 հունիսի 2011 - 18:34 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաչքարերի ցուցահանդեսի միջադեպը բացատրում է խորհրդատվությունների բացակայությամբ

«Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, տեղի է ունեցել այն պատճառով, որ այդ միջոցառման անցկացման ժամանակ տեղի չի ունեցել նախնական խորհրդատվություն:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նման միջոցառումների անցկացման ժամանակ, որոնք կարող են դիպչել շատ երկրների շահերին, անպայման պետք է անցկացվի նախնական խորհրդատվություն այդ երկրների հետ»:

«Ցավոք սրտի, այդ կարևորագույն պայմանը լիովին չի բավարարվել»,- նշել են կազմակերպության կենտրոնակայանից, հավաստիացնելով, որ ցուցահանդեսը ոչ մի կերպ չի ենթարկվել գրաքննության և կազմակերպությունը չի հերքել պատմական փաստերը:

Կազմակերպության մամլո ծառայությունից հաղորդել են, որ ցուցանմուշների հետ ծանոթությունը, որոնք պետք է ներկայացվեին ցուցահանդեսում, համոզել է, որ դրանցից մի քանիսը կարող են վնասել միջազգային փոխըմբռնման ոգուն: «Կազմակերպությունը ձգտել է սերտորեն համագործակցել Հայաստանի ներկայացուցիչների հետ` մշակութային միջոցառման քաղաքականացումից խուսափելու համար: Ցուցահանդեսի կազմակերպման բոլոր փուլերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հետևել է կանոններին և ընթացակարգին` նախատեսված անդամ-երկրների համար և ջանք չի խնայել, որպեսզի միջոցառումը պսակվի հաջողությամբ»,- ասել են կազմակերպությունից:

Հունիսի 15-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Միրո 1» և«Միրո 2» դահլիճներում կայացավ «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախաձեռնող կողմերն էին` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ: