Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժոդովի նախագահ Գագիկ Մինասյանը հեղափոխական արդյունքներ չի ակնկալում Կազանում հունիսի 25-ին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից: «Նման բարդ հակամարտություններում, արդյունքները, որպես կանոն, հեղափոխական չեն լինում, իսկ փուլ առ փուլ քննարկումը մոտեցնում է այն իրավիճակին, որ վերջին հաշվով վավերացվում է որպես անխուսափելի իրականություն»,- հունիսի 21-ին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է նա: Միաժամանակ նա հավելել է, որ նախկինում նման հանդիպումները հանգեցրել են նրան, որ նախորդ հանդիպումների փուլային արդյունքները հաշվի առնելով, Դովիլի փաստաթուղթը և ԵԱՀԿ գործող նախագահի համանախագահ Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը նախադրյալներ են ստեղծել գալիք հանդիպման համար: Գագիկ Մինասյանն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ հիմքեր են ստեղծվում հակամարտության կարգավորման պայմանագրի հետագա մշակման համար:
Պատգամավորն անդրադարձել է նրան, որ ադրբեջանական ԶԼՄ-ների վերջին հրապարակումները վկայում են այն մասին, որ այդ կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էականորեն չի փոխվել: «Նույնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հայկական զորքերը դուրս բերելու և տարածնքները վերադարձնելու մասին, հայտարարություններ, որոնք շարունակվում են մի քանի տարի և չեն ազդում ոչ համաշխարհային հանրության, ոչ համանախագահների վրա»,- ասել է Մինասյանը:
Հունիսի 25-ին Կազանում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից շատերը լուրջ սպասումներ ունեն, չի բացառվում նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:
Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: