Հայ ժողովուրդը թույլ չի տա ազատագրված տարածքները փոխանցել Ադրբեջանին և օտարեկրյա զինված ուժեր մտցնել Արցախ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանն ու Էմիլ Աբրահամյանը:
Ըստ Բալանյանի, նման որոշումը կվերաբերի հարյուր հազարավոր մարդկանց, որոնք բնակվում են Արցախում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ազատագրական պայքարի մասնակիցներին: «Ժովուրդը թույլ չի տա նոր Կարս»,-ասել է նա: Նա նաև հավելել է, որ «Սարդապարտը» բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտրվի, որ տարածքները վերադարձվեն ու օտարերկրյա զորքեր մտցվեն:
Ինչ վերաբերում է Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը , ապա, ըստ Բալանյանի, կոնկրետ համաձայնագիր չի կնքվի: Սակայն, հավանաբար, կընդունվի Մայնդորֆի նման որևէ հայտարարություն: Բալանյանը նշել է նաև, որ այժմ Հայաստանի հանդեպ ուժեղ ճնշում է գործադրվում ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու նպատակով, սակայն. «Հայաստանին փրկում են Ադրբեջանի ու Թուրքիայի մաքսիմալիստական պահանջները, որոնք ձեռնատու չեն Ռուսաստանին ու արևմտյան երկրներին»: