22 հունիսի 2011 - 14:32 AMT
Վարդան Մինասյան. «Վիկտորիայի» առաջիկա ընկերական խաղերից հետո մենք ավելի լավ կճանաչենք մեր մրցակցին

Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» հանդես կգա Պլզենի «Վիկտորիայի» դեմ (Չեխիա):

Երևանյան ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ մրցակցի մասին բավականաչափ տեղեկատվություն չունի: «Չեխիայի առաջնությունն ուժեղ է, և «Վիկտորիան» երկրի նախորդ տարվա չեմպիոնն է: Առաջիկա օրերին թիմն ընկերական խաղեր կանցկացնի, այդ ժամանակ էլ ավելի շատ բան կիմանանք մեր մրցակցի մասին»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքերով, չնայած մի քանի կորուստներին, «Փյունիկի» գալիք խաղի համար նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտադրություն չկա: Թիմը հանդես է գալու երիտասարդ խաղացողների հետ: Ակումբը լքել են երկու ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, նրանք պայմանագիր են ստորագրել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Էդգար Մանուչարյանն առավոտյան մարզման ժամանակ ձախ ոտքի վնասվածք է ստացել և, Մինասյանի խոսքերով, միայն հետազոտությունից հետո պարզ կլինի, թե կկարողանա նա օգնել թիմին:

«Երկրի առաջնության հերթական տուրից հետո բարեգործական նպատակով մեկնելու ենք Ղարաբաղ: Այնուհետև հավանաբար խաղալու ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ»,- ասել է Մինասյանը: