23 հունիսի 2011 - 11:38 AMT
ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին «օգտվել հնարավորությունից և հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը»

Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Վաշինգտոնը հստակ ուղերձ է հղել Երևանին և Բաքվին: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Մարկ Թոները: Նրա խոսքերով, տվյալ պահին առկա է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու որոշակի հնարավորություն և կողմերը պետք է օգտվեն դրանից:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: