23 հունիսի 2011 - 15:31 AMT
Հրայր Կարապետյան. Սերժ Սարգսյանին ուղղված հարցով Զարուհի Փոստանջյանը հակասում է ինքն իրեն

Հայաստանը բռնապետական երկիր չէ, որի ապացույցը ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցն էր` ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում նրա ելույթի ժամանակ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով Փոստանջյանի հարցը, թե չի պատրաստվում արդյոք Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տալ և հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, «քանի որ բռնապետական ռեժիմները վաղ թե ուշ փլուզվելու են»: Կարապետյանը նշել է, որ բռնապետական պետությունում ընդդիմադիր պատգամավորը չէր մտնի երկրի ԵԽԽՎ պատվիրակության կազմի մեջ: «Զարուհի Փոստանջյանը հակասում է ինքն իրեն»,- ասել է Կարապետյանը և հավելել, որ Փոստանջյանի գործողություններին պետք է գնահատական տա «Ժառանգությունը» և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: