Իրանը 2011թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) խորհրդաժողովում հանդես կգա նավթարդյունահանման քվոտաների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Ալիաբադը: «Հաշվի առնելով ստեղծված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը նավթային շուկայում՝ Իրանը հանդես կգա նավարդյունահանման OPEC քվոտաների բարձրացման դեմ, Կազմակերպությունը չի ծրագրում բարձրացնել նավթի սակագները»,- հայտնել է նա: Հարկ է նշել, որ ներկայումս Իրանը նախագահում է OPEC-ում:
Նախօրեին Թեհրանը քննադատության ենթարկեց Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) որոշումը նավթի ռազմավարական պաշարների օգտագործման մասին, ինչի արդյունքում գնանշումներն ընկան: Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 23-ին ՄԷԳ-ը հայտարարեց շուկաների մասնակիցներին 60 մլն բարր. նավթ (30 օրվա ընթացքում օրական 2-ական մլն բարր.) առաջարկելու պատրաստակամության մասին, որպեսզի հատուցի Լիբիայից մատակարարումների պակասը: Իր որոշումը գործակալությունը բացատրեց գլոբալ շուկայում նավթի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ: