27 հունիսի 2011 - 14:23 AMT
System of a Down-ը կարող է համերգով հանդես գալ Երևանում

Համաշխարհային ճանաչում ունեցող System of a Down ռոք խումբն առաջիկայում կարող է համերգով հանդես գալ Հայաստանում: Youtube կայքում մի տեսահոլովակ է հայտնվել , որտեղ SOAD-ի անդամ Շավո Օդաջյանը Մոսկվայում իր երկրպագուի հետ զրույցում ասել է, որ խումբն ուրախ էր համերգով հանդես գալ Մոսկվայում և առաջիկայում հանդես կգա նաև Հայաստանում:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին հավաստի աղբյուրներից, չի բացառվում, որ խմբի համերգը Հայաստանում կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

Իր հերթին Deem Communications-ի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, որն անցյալ տարի կազմակերպել էր խմբի մենակատար Սերժ Թանգյանի համերգը Հայաստանում, ասել է, որ չի կարող մեկնաբանել այդ տեղեկությունը, սակայն, չի բացառել, որ եթե խումբը որոշի համերգ տալ, Deem Communications-ը կզբաղվի համերգի կազմակերպմամբ:

Խմբի կազմում են Սերժ Թանգյանը (վոկալիստ), Դարոն Մալաքյանը (կիթառահար), Շավո Օդաջյանը (բաս կիթառահար) և Ջոն Դալմայանը (հարվածային գործիքներ):

Հունիսի 2-ին մեկնարկել է System of a Down-ի եվրոպական շրջագայությունը: