27 հունիսի 2011 - 18:27 AMT
Պաշտոնական Ատեփանակերտը բոլորովին զարմացած չէ Կազանի հանդիպման արդյունքներից

«Կազանի գործընթացները սպասելի էին, մենք հենց նման զարգացումներ էինք ակնկալում»,- PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նա ավելացրել է, որ դեռևս նախքան հանդիպումը Արցախի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցներում հայտնել էին, որ Կազանի հանդիպումը չի տա այն արդյունքները, որոնք ակնկալում են շատերը: «Առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- ընդգծել է նա: Բաբայանը նշել է նաև, որ արդեն կա այն պրակտիկան, որ եռակողմ հանդիպումների նախաշեմին և դրանցից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները` ընդհուպ նախագահը, հանդես են գալիս ծրագրային հայտարարություններով: Այս կապակցությամբ նա առանձնապես նշել է Կազանի հանդիպումից առաջ Իլհամ Ալիևի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին, որում նա բացեիբաց հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ նոր բան առաջարկել Հայաստանին, քանի որ Ղարաբաղը իբր «ի սկզբանե ադրբեջանական հող է»:

Հունիսի 24-ին Կազանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բանակցություններն ավարտվեցին առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: