28 հունիսի 2011 - 13:14 AMT
Հաշմանդամ օդաչուները պահանջում են պետությունից իրենց աշխատավարձերն ու առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր բողոքի ցույց էին անց կացնում միանգամից երեք խմբեր՝ հաշմանդամ օդաչուները, Հյուսիսային պողոտայի տարածքից տարհանված բնակիչները և բանակում սպանված զինվորների ծնողները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է PanARMENIAN.Net ի լրագրողը, օդաչուները պահանջում են իրենց գումարների փոխհատուցում, Հյուսիսային պողոտայի բնակիչները սեփականության վերադարձ, իսկ զինվորների մայրերը` իրենց որդիների սպանության մեղավորների հայտնաբերում և պատժում:

Ինչպես հայտնեց «Սեփականության իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը, արդեն մոտ 5 տարի է, ինչ 140 օդաչուներ պահանջում են իրենց աշխատավարձերն ու մասնագիտական գործունեության ընթացքում առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը: Նրանցից այսօր ողջ են 90-ը:

Հյուսիսային պողոտայի բնակիչներից սեփականության վերադարձ են պահանջում 30 ընտանիք: Ինչպես հայտնեց ՀԿ-ի նախագահը, արդեն մի քանի տարի է` ինչ իրենց քաղաքապետարանից ուղարկում են նախագահական, սակայն խնդրին լուծում այդպես էլ չի տրվում: Հավաքվածները նշում են, որ եթե հարցի լուծումը շարունակվի ձգձգվել, իրենք պատրաստ են դիմել Մարդու իրավունքներ եվրոպական դատարան և այնտեղ պաշտպանել իրենց իրավունքները: Բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների արդեն ընդունել են նախագահականում: