28 հունիսի 2011 - 13:31 AMT
Ստեփան Դեմիրճյան. ՀԱԿ ցանկանում է հասնել արտահերթ ընտրությունների սահուն և առանց ցնցումների

ՀԱԿ-ը ցանկանում է հասնել արտահերթ ընտրությունների անցկացման և իշխանափոխության սահմանադրական մեթոդներով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի ցնցումներ լինեն, ուստի մենք գնացինք նման քայլի»,- նշել է նա` նկատի ունենալով ընդդիմության երկխոսությունն իշխանությունների հետ: Նա հավելել է, որ իշխանությունների և ընդդիմության երկխոսության գործընթացը բացարձակ ճիշտ չի համարում, սակայն նշել է, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների միայն ժողովրդի ճնշման դեպքում: «Մենք չենք դիմում ուժային մեթոդների, խոսքը գնում է հասարակական ճնշման մասին»,- ասել է նա և հավելել, որ հասարակական ճնշում ասելով հասկանում է հանրահավաքներ, ցույցեր և երթեր:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: 2008 թվականին ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 2008 թվականից իշխանություններն ու ՀԱԿ-ը հայտարարում էին երկրում քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, որը սկսեց իրական գծեր ստանալ 2011 թվականի գարնանը: Հենց 2011 թվականի գարնանը իշխանություններն ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեցին 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի հետաքննությունը վերսկսելու մտադրության մասին, իսկ մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ են արձակվել 400 բանտարկյալներ: Հունիսի 2-ին ՀԱԿ-ը պատվիրակություն ձևավորեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար և հայտարարեց երկխոսության իր օրակարգի մասին` երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ մտադիր են ընդդիմության հետ քննարկել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, սակայն ընդդիմությանը կոչ են անում պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների համար օբյեկտիվ պատճառներ չկան:

ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը: Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ չեն պատրաստվում ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարել նման ձևաչափով: