28 հունիսի 2011 - 15:38 AMT
Ս. Միխեևը ղարաբաղյան հարցի արգելակման գլխավոր պատճառի մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արգելակման գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն անհամատեղելի են: Այդ մասին, ելույթ ունենալով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ, հայտարարել է Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:

«Հենց այդ պատճառով միջնորդների ջանքերը կողմերը չեն ընկալում: Կողմերի մոտեցումներն անհամատեղելի են, դրանից կարող են օգտվել երրորդ ուժերը, դա միանշանակ է, առաջին հերթին` ԱՄՆ, առաջ տանելով սեփական աշխարհաքաղաքական շահերը»,- ասել է ռուս քաղաքագետը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: