29 հունիսի 2011 - 20:43 AMT
Տիգրան Սարգսյան. Մեր գլխավոր նպատակն է` զարգացնել տեղական ինքնակառավարումը Հայաստանում

Հունիսի 29-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայկական կողմի հրավերով` Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու նպատակով: Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում ենք կոնգրեսի նիստերին, տեղեկանում, թե ինչ հարցեր են քննարկվում և ինչպիսի մոտեցումներ կան: «Մեր նպատակն է` հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը Հայաստանում: Այդ տեսակետից ժողովրդավարության ամրապնդման համար տեղական ինքնակառավարման խնդիրները կարող են էական դերակատարություն ունենալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու առումով»,- նշել է նա:

Հանձնաժողովի նախագահ, ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը խոսել է հանձնաժողովի գործունեության ուղղությունների մասին, ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքների ընթացքը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստրասբուրգից դուրս արտագնա նիստերը հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալ անդամ երկրներին և խորացնել համագործակցությունը: Կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացումը և ՏԻՄ կայացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը` կառավարության ղեկավարն ասել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ՏԻՄ 15-ամյակը, և այդ առթիվ ձևավորվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով: