30 հունիսի 2011 - 11:56 AMT
Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի գոլերը ոչ ոքի բերեցին «Մետալուրգին» ընկերական խաղում

Ավստրիական Գրացում շարունակվում է Դոնեցկի «Մետալուրգի» վերջին հավաքը Ուկրաինայի առաջնությունից առաջ: Հունիսի 29-ին թիմը ընկերական խաղ անցկացրեց Կիպրոսի «Անորտոսիսի» հետ:

Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Դոնեցկի ակումբի բոլոր գոլերը խփեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ կրկնակի գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին, իսկ երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը:

«Մեր ֆուտբոլիստները կատարեցին այն ամենը, ինչ նրանց ասվել էր: Հավաքների ժամանակ մենք խաղալու հնարավորություն ենք տալիս բոլոր ֆուտբոլիստներին: Մենք արդեն գիտենք թե ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները և գիտենք նրանց հնարավորությունները: Մենք գիտենք թե ում հետ կարող ենք հույսեր կապել այս խաղաշրջանում»,-«Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգի» հաջորդ ընկերական հանդիպումը կլինի «Կապֆենբերգի» հետ: