30 հունիսի 2011 - 22:29 AMT
ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, կկորցնեն իշխանությունները, վստահ է Լևոն Տեր-Պետրոսյանը

Իշխանություններ-ընդդիմություն երկխոսությունը կարող է լինել հավասար հիմքերով: Այդ մասին Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի:

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման:

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իշխանության գալը ՀԱԿ-ի համար ինքնանպատակ չէ, և եթե արտահերթ ընտրությունների արդյունքում մեկ այլ ուժ հաղթի, անգամ գործող իշխանությունը, ՀԱԿ-ն առաջինը կշնորհավորի հաղթողին:

Տեր-Պետրոսյանն իշխանություններին հիշեցրել է Թունիսում և Եգիպտոսում տեղ գտած իրադարձությունները` հեգնանքով նշելով, որ Բեն Ալին և Մուբարաքը կամ հնարավորություն չունեին խաղաղ ճանապարհով հեռանալու իշխանությունից, կամ էլ չօգտագործեցին երկխոսության հնարավորությունը: «Մեր իշխանություններն արտահերթ ընտրություններից վախենում են, ինչպես ժանտախտից»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: