
Դելֆինների պաշտպանները հուլիսի սկիզբը հայտարարում են Պատանդ դելֆինների համաշխարհային շաբաթ, իսկ հուլիսի 4-ը` Պատանդ դելֆինների միջազգային օր: Ողջ աշխարհում այս օրն անցկացվելու են պիկետներ պատանդ դելֆինների պաշտպանության համար: Երևանում հուլիսի 4-ին դելֆինների պաշտպանները մտադիր են նաև նստացույց անցկացնել Կոմիտասի անվան այգում` «Նեմո» դելֆինարիայի մոտ: Այդ մասին հաղորդել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: «Մենք ցանկանում ենք ասել, որ մեր դելֆինարիայի դելֆինները պատանդներ են և թերթիկներ բաժանել, որտեղ բացահայտվում են դելֆիններին վարժեցնելու գաղտնիքները»,- ասել է Ադամյանը:
Դելֆինների վարքն ուսումնասիրող ուկրաինացի մասնագետներն ուշադրություն են դարձնում նրա վրա, որ դելֆինների ժպտալու տպավորությունը խաբուսիկ է: Շոուի ժամանակ ջրից հարթակ թռչող դելֆինն այդպես է անում, որովհետև նրան այդպես են վարժեցրել: Անհարմարավետությունը, որը զգում է դելֆինն այդ պահին, կարող է վերանալ միայն այն դեպքում, եթե մարզիչը դելֆինին հրահանգի ջուրն իջնել ավելի արագ: