Հուլիսի 11-12-ը` Բրիտանական խորհրդի նոր` «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի» շրջանակում կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց: Երկօրյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները:
Դասընթացն իրականցավելու է «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի համագործակցության արդյունքում: «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագիրը» նպատակ ունի ստեղծել մշակույթի առաջնորդների ցանց և նպաստել փորձի փոխանակմանը: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը և Հուսեին Քարիմբոյը:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն Միացյալ Թագավորությունում ճանաչված կինոքննադատ և պատմաբան Դերեկ Մալքոլմը և BAFTA մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար: Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն, այս անգամ ևս Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել: «Փառատոնի նոր անուն» մրցանակը կշնորհվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ակտիվ և խոստումնալից մասնակցին: Հաղթող մասնակիցը կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին նոյեմբերի 16-20-ին: