2013-ի հոկտեմբերին բացվելու է Դիլիջանի միջազգային դպրոցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, դպրոցը կառուցում է մասնավոր հատվածը, և կառավարությունը չի մասնակցում այդ գործընթացին: «Սակայն, որքանով ինձ հայտնի է, շինարարական աշխատանքները բավական ակտիվ են ընթանում»,- ասել է նա և հավելել, որ միջազգային մրցույթի արդյունքներով արդեն ընտրվել է դպրոցի տնօրեն, որն արտասահմանից է: Դպրոցի անձնակազմն արդեն աշխատում է կրթության նախարարության հետ, որպեսզի նրա կրթական համակարգը համապատասխանի հայկական չափանիշներին:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում արդեն կա միջազգային դպրոց: «Դա «Քվանտն» է, որը Հայաստանում առաջին և տարածաշրջանում 5-րդ միջազգայինն դպրոցն է»,- ասել է նա և հավելել, որ «Քվանտը» դարձել է առաջին IB (International Baccalaureate – միջազգային բակալավրիատ) դպրոցը: «Սեպտեմբերի 1-ից դպրոցն արդեն կունենա դասարան միջազգային կրթական համակարգի համար»,- ասել է նա: