ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանը կապահովագրի տպագիր գրաֆիկայի «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսի նմուշները: Ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի Ազգային Պատկերասրահում հուլիսի 7-15-ը:
Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները` Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը`«Փոխադրվող գույքի ապահովագրություն» դասով, վստահել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանը:
Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից: Կցուցադրվեն սյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինինի, Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությունները:
Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք: