4 հուլիսի 2011 - 13:19 AMT
Գրանմայե. Իրանի արձագանքը արաբական հեղափոխություններին ռեալ չէ

«Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններին Իրանի կառավարության արձագանքը ոչ ռեալ կարելի է համարել»,- այս մասին Հայաստանի ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Լոնդոնի համալսարանի Միջին Արևելքի ինստիտուտի գիտաշխատող, միջազգային հարաբերությունների մասնագետ, պրոֆեսոր Ալի Գրանմայեն (Ali Granmayeh):

Ըստ Գրանմայեի` Իրանի իսլամական հանրապետությունն արաբական երկրներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները մեկնաբանում և ներկայացնում է այնպես, ինչպես 30 տարի առաջ Խորհրդային միությունը կներկայացներ նմանօրինակ իրադարձությունները: Նրա խոսքով` Իրանը հայտարարում է, թե այս հեղափոխությունները ո´չ տնտեսական բարեփոխումների և ո´չ էլ ժողովրդավարական ռեժիմի հաստատման, այլ` իսլամի համար են, և բողոքը կրոնական է:

Միևնույն ժամանակ մասնագետը համոզված է, որ հեղափոխական շարժումներում Իրանն իր շահն է հետապնդում, որը որոշ պետությունների պարագայում գաղափարախոսական է, որոշների` ազգային-գաղափարախոսական, իսկ մյուս դեպքերում` զուտ ազգային, այլ ոչ գաղափորախոսական:

«Ըստ իս` Արաբական երկրների ժողովուրդների շարժումը նման է 1980-ականների վերջերում Խորհրդային միության երկրներում տեղի ունեցող ժողովրդական շարժումներին, որի արդյունքում 1991 թ-ին Խորհրդային Միության երկրներն ազատություն ստացան»,- ընդգծեց Գրանմայեն ու հավելեց. «Իրանում հեղափոխական շարժումը, որը սկիզբ էր առել 2 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո, դեռևս չի մարել` չնայած պետական և կրոնական ճնշումների»: