4 հուլիսի 2011 - 14:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նոր աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն. վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը այցելել է Լճաշեն համայնք, ծանոթացել Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:

Այնուհետև վարչապետն այցելել է Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Վարչապետն այցելել է նաև Սևան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:

Տիգրան Սարգսյանն այցելել է Սևան քաղաքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակ, հանդիպել ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետև անդամատոմսեր հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականների:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»: Հանդիպման ավարտին, վարչապետը պատասխանել է սևանցիներին հուզող հարցերին, նշելով, որ կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետը նշել է, որ այս հարցը լուրջ է հատկապես Գեղարքունիքի մարզում և հավաստիացրել, որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

ՖՈՏՈՇԱՐՔ