4 հուլիսի 2011 - 17:12 AMT
Արտաշատի և Արարատի քաղաքապետների ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետներն իշխող կուսակցությունից

Հուլիսի 3-ին կայացած Արտաշատի և Արարատի քաղաքապետների ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետներն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ): Արտաշատում 4-րդ անգամ քաղաքապետ է ընտրվել Գագիկ Մուրադյանը, իսկ Արարատում երկրորդ ժամկետով ընտրվել է Աբրահամ Բաբայանը: Հարկ է նաև նշել, որ եթե Արտաշատում ընտրությունների ժամանակ ընտրողները գոնե երկու թեկնածուներից ընտրելու հնարավորություն ունեին, ապա Արարատում ընտրություններից մեկ օր առաջ Բաբայանի միակ մրցակից Հակոբ Թովմասյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին և իր կողմնակիցներին կոչ արել բոյկոտել ընտրությունները: Նրա խոսքով, Արարատում ընտրական քարոզարշավն ընթացել է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով: