
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ հուլիսի 4-ին Տավուշի մարզում ծանոթացել է Հաղարծին և Աղավնավանք համայնքների դպրոցների վերանորոգման, Դիլիջանի Թախտա թաղամասի նախկին մանկապարտեզի շենքը որպես տարրական դպրոց վերակառուցելու, ինչպես նաև Հովքի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներին, որոնց համար ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 19.2, 28.8, 38.4 և 19.2 մլն դրամ: Դպրոցների շուրջ տարվող աշխատանքներն ավարտին կհասցնեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը Արմեն Ղուլարյանի հետ քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:
Ենոքավան համայնքում փոխվարչապետն ԱԺ պատգամավոր Մ.Վարդանյանի հետ մասնակցել է համայնքի գազաֆիկացմանը նվիրված արարողությանը: Անտառամերձ համայնքի համար գազաֆիկացումը կարևոր նշանակություն ունի նաև անտառպահպանման առումով:
Մարզային այցի ավարտին փոխվարչապետը Դիլիջանում ներկա է գտնվել «Միմինո» հուշարձանի հանդիսավոր բացմանը, որին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից: Դիլիջանում այդ ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը: