5 հուլիսի 2011 - 12:43 AMT
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/:

Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: