Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ առաջարկում է դադարեցնել խորհրդարանում օրինագծի քննարկումը, որը նախատեսում է կրոնական միավորումներին հասարակական իրավունքով իրավաբանական կարգավիճակի տրամադրում:
«Անհրաժեշտ եմ համարում խորհրդարանում դադարեցնել երկրորդ և երրորդ ընթերցմամբ օրենքի ընդունման ընթացակարգերը, ինչպես նաև այս հարցի շուրջ անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ»,- ասվում է Իլյա Բ-ի հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է, որ դա «կարևորագույն հարց է, որը որոշում է պետության կառույցի հիմնական սկզբունքները»: Միաժամանակ, Իլյա Բ-ն հայտարարում է, որ Վրացական ուղղափառ եկեղեցին երբեք դեմ չի եղել և միշտ աջակցել է այլ կրոններին կարգավիճակ շնորհելուն, հաղորդում է Ինտերֆաքսը:
Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին: