Հուլիսի 9-ին կայացել է Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, լեզվաբաններ և հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ Հայաստանից, Սփյուռքից, ուսանողներ և այլք:
Նախաձեռնողների նպատակն է ստեղծել հայոց լեզվի գիտելիքների էլեկտրոնային հենքով համահայկական շտեմարան, որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ հիմնական գիտահասարակական ուղղություններին բնորոշ տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերի և տերմինների հավաքմանը մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` պայմանավորված գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու անխուսափելի գործընթացով:
Ներկայումս կենտրոնի կողմից օգտագործողներին մատուցվող ծառայություններն են` արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուներով կատարվող իմաստային թարգմանությունները, արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուներով բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը:
Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող և սպասարկվող լեզուների կազմում համապատասխանաբար ռուսերենի և թուրքերենի ավելացումը, տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: