11 հուլիսի 2011 - 18:18 AMT
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են երեք հայ գերիներին և հայկական ընտանիքի հինգ անդամներին, որոնք գտնվում են Ադրբեջանում: ԿԽՄԿ աշխատակիցները նրանց են փոխանցել չորս նամակ և երեք բանավոր ուղերձ հարազատներից: Իր հերթին Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիները հինգ նամակ են փոխանցել հարազատներին ԿԽՄԿ միջոցով:

Ներկայումս Ադրբեջանում պահվում են երեք հայ զինծառայողներ և հինգ հոգուց բաղկացած մի հայ ընտանիք:

Հարկ է նշել, որ այն դեպքում, երբ ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչությունը հայտնում է գերիների վիճակի մասին, հայաստանյան գրասենյակը լռում է: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը, նա չի կարող տեղեկատվություն տրամադրել հայ գերիների վիճակի մասին գաղտնիության պատճառով: