Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը և Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինը Երևանում քննարկեցին հայ-ուկրաինական կապերի ակտիվացման հարցերը: Այնուհետև տեղի ունեցավ երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնազրույցից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը մասնակցեցին երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը: «Խորհրդարանական դիվանագիտությունն այսօր կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և վստահ եմ, որ Ձեր այցը Երևան լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը: «Մենք պետք է նպաստենք մեր խորհրդարանականների միջև արդյունավետ համագործակցությանը, և պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքի ակտիվացումը: Բայց ես առաջարկում եմ շարժվել առաջ և բարեկամության խմբերի հիման վրա ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով: Կարծում եմ`այս դեպքում մեր երկրների խորհրդարանները կարող են ավելի արդյունավետ նպաստել մեր երկրների ավելի սերտ միջպետական համագործակցությանը բոլոր ուղղություններով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վլադիմիր Լիտվինը ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Գերագույն ռադայի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրեց Ուկրաինա:
ԱԺ նախագահը նշեց, որ Ուկրաինան Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է ԱՊՀ - ում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2005 – 2010թթ. ավելացել են յոթանասուն միլիոն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: