12 հուլիսի 2011 - 19:06 AMT
10 տարի անց Շուշին կզարդարվի 150 քանդակով

Հուլիսի 15-29-ը «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում

մեկնարկելու է «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը:

Անդրանիկ հավաքին մասնակցելու են Իտալիայի գեղարվեստի տարբեր ակադեմիաների 22 պրոֆեսորներ, քանդակագործներ և նկարիչներ: Պատվավոր հյուրն է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն: Հավաքի առանցքը` ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների և կինոդիտումների հագեցած ստեղծագործարան է, որի շրջանակներում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրը կերտելու է իր քանդակը Շուշվա կրաքարից` նվիրելով այն քաղաքին:

«15 քանդակ ամեն տարի և 10 տարի անց Շուշին կզարդարեն 150 քանդակ` վերածելով քաղաքը իրական թանգարանի բաց երկնքի տակ», - բնորոշում է նախաձեռնության հեղինակ Վիգեն Ավետիսը:

Սիմպոզիումի արդյունքները ամփոփվելու են հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակած ծավալուն կատալոգում:

Ստեղծագործական ողջ ընթացքին հետևելու է իտալական «Ստուդիո կալի» (StudioQuagli) նկարահանման ստուդիան, որն անդրադարձ է կատարելու Արցախի, Շուշիի, Հայաստանի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ըստ նախնական պայմանավորվածության` ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» (Rai 1) հեռուստատեսությամբ:

Սիմպոզիումը անցկացվելու է ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանիքաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ: