15 հուլիսի 2011 - 15:42 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Իլհամ Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խբմի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և բանակցությունների հեռանկարների մասին:

Բաքվից հետո միջնորդները հուլիսի 18-ին կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում էր նաև համանախագահների այցը Ղարաբաղ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում և այս անգամ միջնորդները Ստեփանակերտ չեն այցելի: