18 հուլիսի 2011 - 12:59 AMT
ՀԱԿ- ը երբևէ կոալիցիային երկխոսության առաջարկ չի արել

Հայ Ազգային Կոնգրեսը երբևէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի օրերս հնչեցրած հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել ՀԱԿ-ի հետ և այդ նպատակով նաև համապատասխան աշխատանքային խումբ են ձևավորել։ Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, որում կոնգրեսը մեկնաբանում է նախագահի մամուլի քարտուղարի և ԱԺ նախագահի վերջերս արված հայտարարությունները:

«Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել և հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, և ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձևացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսևորում։

Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որևէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված և Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել և հարցը ձգձգել, միևնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից։

Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը և ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեև կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաև հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձևաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձևաչափին զուգահեռ և օժանդակ գործընթաց։

Վերը նշված բոլոր հարցերին և կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ Ազգային Կոնգրեսը ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք հանրահավաքի, քանզի իշխանություններին կառուցողականություն պարտադրելու այլ միջոց, քան հասարակության ակտիվությունն է, գոյություն չունի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։

Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետևյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։