Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չինական Նինբոյում հուլիսի 20-ին կանցկացնի չորրորդ հանդիպումը, այս անգամ Եգիպտոսի ընտրանու հետ:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգստանալու հնարավորություն է տվել մեր հավաքականի առաջին համարին՝ Լևոն Արոնյանին: Նրա փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցը կլինի Ահմեդ Ադլին:
Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Բասեմ Ամինի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Սեմի Շոքերի հետ: Աշխարհի առաջնության շրջանակներում առաջին անգամ հանդես կգա 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կխաղա Մոհամեդ Էզատի հետ:
Չորրորդ տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝ Ռուսաստան-Ադրբեջան, Ուկրաինա-Հունգարիա, Իսրայել-Հնդկաստան, ԱՄՆ-Չինաստան:
Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջնության առաջատար Ռուսաստանի հավաքականը կես միավորով գերազանցում է մեր թիմին: Երրորդ տեղում է Ուկրաինայի հավաքականը 6,5 միավորով: