20 հուլիսի 2011 - 15:09 AMT
Նարեկ Մակարյանը դարձել է «Սլավյանսկիյ բազար» մրցույթի մրցանակակիր

Հուլիսի 8-14-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացավ «Սլավյանսկիյ բազար» էստրադային երգի հոբելյանական 20-րդ միջազգային ամենամյա մրցույթը:

Մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացրեց Նարեկ Մակարյանը: Մրցույթում նա արժանացավ ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հատուկ մրցանակին (ԱՊՀ մասնակից երկրների ներկայացուցիչների շրջանում` էստրադային երգի լավագույն կատարողներին սոլո ալբոմ ձայնագրելու իրավունքի վկայական):

«Վիտեբսկ-2011» էստրադային երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 20 մասնակից` 20 երկրից:

Նարեկ Մակարյանը ծնվել է 1992 թ-ին Երևանում: Սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազային վոկալի բաժնում: «Ոսկե Նեպտուն 2005» մրցույթի դափնեկիր է, 2009 թ. «Առնո» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին պատվավոր մրցանակին, իսկ 2010 թ. կայացած 6-րդ միջազգային երիտասարդական «Դելփյան խաղերի» էստրադային երգեցողության բաժնում` արծաթե մեդալի: Նույն տարվա սեպտեմբերին «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում հայկական մշակույթի զարգացման մեջ իր ներդրումն ունենալու համար արժանացել է հատուկ մրցանակի, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: