
Հայաստանը սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական մարտահրավերների առջև է, որոնք առավել կարևոր են, քան Հայ ազգային կոնգրեսի ու ՀՀ իշխանությունների երկխոսությունը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը երկխոսության միջոցով փորձում է իշխանության գալ, իսկ կոալիցիան փորձում է այն պահպանել, դա ոչ մի կապ չունի հանրության պահանջների հետ: Նա նշել է նաև, որ երկու կողմերը լավ են հասկանում, որ արտահերթ ընտրություններ, առնվազն, խորհրդարանական, չեն լինի և այդ ընտրությունները չեն կրճատի աղքատության ու արտագաղթի մակարդակը երկրում:
Իր հերթին ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն ասել է, որ եթե ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի, երկրում նոր մշակույթ կձևավորվի, որը թույլ կտա երկխոսություն հաստատել իշխանությունների ու արտախորհրդարանական ընդդիմության միջև: