Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կազմակերպել է դասընթաց բանկային համակարգի աշխատակիցների համար` ռիսկերի կառավարման հմտությունները բարելավելու նպատակով, որը հատկապես կարևորվում է բանկային ոլորտի կայունացման ու արդյունավետության բարձրացման համար: Վերջինս կաջակցի տնտեսությանը հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները:
IFC-ի կողմից կազմակերպված դասընթացը կայացավ հուլիսի 18-ից-19-ը Երևանում, որտեղ ներկայացվեց միջազգային բանկային համակարգի զարգացման միտումները: Դասընթացը հիմնականում նվիրված էր այն ֆինանսական գործիքների ներկայացմանը, որոնք կարող են նվազեցնել իրացվելիության ռիսկը, որը կարող է առաջ գալ այնպիսի դեպքերում ինչպիսիք են վարկային ռեյթինգների իջեցումը կամ կանխիկ դրամի անկանխատեսելի արտահոսքը։ Առաջատար բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների ավելի քան քսան աշխատակիցներ մասնակցեցին դասընթացին:
«Դասընթացը աջակցեց մասնակիցներին ավելի հստակ ըմբռնել իրացվելիության ռիսկի ազդեցությունը բանկային գործընթացների վրա», – ասաց IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Բանկային ոլորտի աշխատակիցները ձեռք բերեցին գիտելիքներ, որոնք կարող են կիրառվել բանկերում` ապագայում ռիսկերը կանխելու և մեղմելու համար»: Դասընթացը կազմակերպվել է IFC-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող Ֆինանսական ոլորտի հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Ավստրիայի զարգացման բանկի հետ համագործակցության շնորհիվ: «Հայաստանում բանկային համակարգի զարգացման ծրագրի» շրջանակներում IFC-ն բարելավում է ֆինանսական հաստատությունների գործարար միջավայրը և տրամադրում խորհրդատվական ծառայություններ ընտրված բանկերն:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 147 մնլ ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներին: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային կանոնակարգման դաշտի պարզեցմանը, հաղորդում է IFC-ի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: