20 հուլիսի 2011 - 16:58 AMT
Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչը նախանձում է Հայաստանի բանկային համակարգի ճկունությանը

Հայաստանի բանկային համակարգին հաջողվեց ավելի արագ հարմարվել միջազգային չափանիշներին: Հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: «Կանոնակարգման մակարդակով ՀՀ բանկային համակարգը ավելի մոտ է արևմտյան չափանիշներին՝ ռուսականի համեմատ»,-ասել է նա:

Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում արդեն կիրառվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշները տեղայնացված տարբերակով, այն դեպքում, երբ Ռուսաստանում մտադիր են դրանց անցնել միայն 2015թ.: «Սա վկայում է այն մասին, որ փոքր մասշտաբների երկիրն ավելի արագ է հարմարվում նոր պայմաններին»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցությանը բանկային համակարգում՝ Սերգեյ Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսական բանկերի ակտիվները ՀՀ բանկային համակարգում կազմում են 94 մլն դոլար: