20 հուլիսի 2011 - 19:59 AMT
ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն քննարկել են ձգձգվող հակամարտությունների խնդիրը

Լիտվայի, Ղազախստանի, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ քննարկել են ԵԱՀԿ և ԵՄ շրջանակներում համագործակցությունը:

Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵԱՀԿ և ԵՄ կառույցները կիսում են ընդհանուր արժեքներ: Նրանք տեսնում են նաև խաղաղ, կայուն և բարգավաճող տարածաշրջան, որտեղ հարգում են մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ինչպես նշել է ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը, երկու կառույցների համագործակցությունն այն բանի գրավականն է, որ սահմանափակ ռեսուրսներն օպտիմալ են օգտագործվելու:

Լիտվայի, Ղազախստանի և Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները և Քեթրին Էշթոնը քննարկել են Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման գործընթացը:

Օրակարգում եղել է նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորումը, հաղորդում է AZE.az-ը: