Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների երկխոսությամբ Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական կուլտուրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, հարկավոր է այնպես անել, որ երկխոսությունը կայանա, քանի որ այն ուղղված է երկրի առջև ծառացած հարցերի լուծմանը և բխում է պետության շահերից: Նա նշել է, որ կողմերը մտադիր են դեռ շատ հանդիպումներ ունենալ՝ քննարկելու համար բոլոր սուր հարցերը: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երկխոսությունը կստացվի, սակայն կողմերից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի դրա համար»,-ասել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Մինասյանն ասել է, որ չի կարող կոնկրետ պատասխան տալ այդ հարցին: «Սակայն, չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը հանդիպման հարցում կմերժի որևէ քաղաքական ուժի, եթե այն խնդրի»,-ասել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին պահանջներին, որ հանդիպումները պետք է հեռարձակվեն ուղիղ եթերթվ կամ հանդիպումից հետո նրանց պետք է եթերային ժամանակ տրամադրվի՝ Մինասյանն ասել է, որ եթե Կոնգրեսը կարծում է, թե այդ հարցը պետք է քննարկել, ապա նա պետք է դա անի աշխատանքային խմբի միջոցով: «Նման հարց աշխատանքային խմբի առջև չի դրվել»,-ասել է Մինասյանը:
Հուլիսի 18-ին Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ ու կոալիցիոն կուսկացությունների ներկայացուցիչների հանդիպումը: ՀԱԿ կազմում էին՝ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Կոալիցիան ներկայացնում էին՝ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («ՕԵԿ»), Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):