«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չի հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: Բացառված չէ, որ բանակցություններում որոշ ժամանակ դադար կլինի, բայց հետո դրանք կշարունակվեն այլ սկզբունքների հիման վրա»,- ասել է ադրբեջանական քաղաքագետ Արֆի Յունուսը: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը Կազան է բերել 10 առաջարկներ Մադրիդյան սկզբունքների հետ կապված, որոնք «կարող վերաբերվում էին տարածաշրջանում Ռուսաստանի դերին, խաղաղապահների մասին հարցին, Լաչինի միջանցքին և հանրաքվեին»: Յունուսի կարծիքով Ադրբեջանը շահագրգռված չէ Մադրիդյան սկզբունքների իրագործման մեջ առանց ուղղումները հաշվի առնելու, քանի որ դա սպառնում է Լեռնային Ղարաբաղի կորստով, հաղորդում է SalamNews-ը:
Այդ 10 դիտողությունները, որոնցով Ալիևը հանդես է եկել վերջին պահին, դարձել են Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ձախողման պատճառը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: