Երևանում է գտնվում Վանի գործարարների ներկայացուցչական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վանի Առևտրաարդյունաբերական խորհրդի անդամ, Վանում «Թուրսաբ» զբոսաշրջային ընկերության գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Թունջդեմիրը: «Մեր այցի նպատակն է ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև առևտրատնտեսական կապեր հաստատելը երկու քաղաքների և երկրների միջև»,-ասել է նա հուլիսի 22-ին Երևանում Հայաստանի ու Թուրքիայի գործարարների հանդիպման բացմանը, որի կազմակերպիչներն են USTID-ն ու Eurasia Partnership Foundation-ը:
Ըստ նրա, թուրքական պատվիրակությանը 17 ժամ պահանջվեց Երևան հասնելու համար, այն դեպքում, երբ բաց սահմանի պարագայում ճանապարհը ընդամենը 3 ժամ կզբաղեցնի: Թունջդեմիրը հորդորել է կողմերին Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական ուժերին հաղորդել սահմանի բացման հրատապությունը:
Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ նման հանդիպումները միջպետական հարաբերությունների «սառեցման» և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող միակողմանի էմբարգոյի պայմաններում, այնուամենայնիվ, կարող են նպաստել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ստեղծել այնպիսի դաշտ գործարարների միջև, որը պլատֆորմ կհանդիսանա լայնածավալ երկկողմ հարաբերությունների իրականացման համար սահմանի բացման դեպքում: Ուստի, նա վստահություն է հայտնել, որ Վան վերադառնալով պատվիրակությունը յուրահատուկ դեսպանորդ կդառնա թուրք ժողովրդի համար:
Անդրադառնալով զբոսաշրջության անվտանգությանը՝ Արսեն Ղազարյանը նշել է, որ ի տարբերություն Անկարայի ու Ստամբուլի քաղաքային իշխանությունների, Կարսի ու Վանի ղեկավարությունը մշտապես ապահովել է այդ տարածքով ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: