29 հուլիսի 2011 - 12:25 AMT
Բյուրականում մեկնարկեց «Բազե» ճամբարի երրորդ հերթափոխը

Հուլիսի 28-ին Բյուրականում տեղի ունեցավ «Բազե» երիտասարդական ճամբարի երրորդ հերթափոխի բացումը։ Երիտասարդ ճամբարականներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ողջունելով բազեականներին՝ կրթության և գիտության նախարարը նկատեց, որ Բյուրականը նոր շունչ է առել։ «Նոր ոգի է թևածում այս գեղատեսիլ անկյունում, և դա «Բազեի» ոգին է։ Ես ուրախ եմ, որ ևս 250 հայ երիտասարդ այս չորս օրերի ընթացքում հնարավորություն կունենա ինքնազարգանալու, ինքնաբացահայտվելու, հնարավորություն կունենա ևս մեկ անգամ աշխարհին և իր կյանքին նայելու մեկ այլ բարձունքից՝ Բյուրականի բարձունքից, հասկանալու համար սեփական դերը մեր հանրապետությունում, հասարակությունում, հասկանալու, որ միայնակ մարդը, միայնակ երիտասարդը ոչինչ անել չի կարող, հասկանալու համար, որ ձեր կողքին ապրում են ձեզ նման հայրենասեր հարյուրավոր նվիրված մարդիկ։ Լավ, խելացի մարդիկ պետք է իրար գտնեն և ամուր պահեն, որպեսզի մեր երկրում, մեր հասարակությունում համակարգային տեղաշարժերը լինեն անբեկանելի, որպեսզի իրականում այն բեռը, որ կամաց-կամաց ընկնում է նաև մեր ու ձեր սերունդների վրա, պետականության ամրացման, պահպանման և զարգացման բեռը, հասարակական նոր նվաճումների բեռը, հայրենիք և ինքնություն փայփայելու բեռը, մենք կարողանանք միասին կրել։ Ես վստահ եմ, որ ձեզ այս օրերին սպասվում են հետաքրքիր օրեր, հետաքրքիր բացահայտումներ, և իմ անձնական հորդորն ու խնդրանքը ձեզ. վայելեք այս հնարավորությունը՝ լինել շրջապատված հետաքրքիր մարդկանցով»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ բոլոր 9 տարիների ընթացքում «Բազե» երիտասարդական հավաքն ապացուցել է, որ կարևոր դեր ունի հայ երիտասարդի համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, երիտասարդների համախմբման մեծ հարթակ է, այն երիտասարդների, ովքեր գործ ունեն անելու պետության ամրապնդման խնդրում, ասվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ: «Բազե» ճամբարի երրորդ հերթափոխը խորհրդանշում է ՀՀ պետական դրոշի նարնջագույնը։ 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ հուլիսի 22-31-ը կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն Հայկական կարմիր խաչի ընկերության մասնագետների կողմից անցկացվող առաջին օգնության դասընթացներին։ Ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր և խաղեր։ Կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ, երիտասարդները կանցկացնեն նաև հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով լի հարուստ օրեր։

«Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։