29 հուլիսի 2011 - 13:30 AMT
ՀՀ ԴԱՀԿ աշխատակիցները Սմոլենսկում կմասնակցեն անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքներին

Օգոստոսի 12-24-ը ՌԴ Սմոլենսկի մարզում կկազմակերպվի Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական վարժանքը։ Այն անցկացվում է «Հիշատակի հերթափոխ» համառուսաստանյան միջոցառումների շրջանակում, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը։ Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Երկու երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնելը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը, ասվում է ԴԱՀԿ հաղորդագրության մեջ։

Համատեղ որոնողական աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի միջև, ով Հայաստան էր ժամանել ԴԱՀԿ ծառայության հոբելյանի կապակցությամբ: