Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը վերածվեց հայ-իտալական հետագա համագործակցության հարթակի: Իտալիայի տարբերհամալսարաններից Շուշի ժամանած պրոֆեսորներ Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոն, Ֆրանչեսկո Ռովիելլոն, Ռոբերտո Ջովանելլին, Լուչիանո Պրետին և Ֆրանչեսկո Գալլոն պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Շուշիի քաղաքապետարանի հետ`սեփական փորձն ու գիտելիքը ներդնելու Շուշիի ավերված շինությունների վերականգնման և նոր շինությունների կառուցման գործում: Ըստ ստեղծված պայմանավորվածության` առաջիկայում Շուշիի քաղաքապետարանը պրոֆեսորներին կուղարկի առավել կարևոր շինարարական նախագծերի փաթեթներ` նրանց մասնագիտական խորհուրդն ու առաջարկությունները ստանալու համար:
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին սիմպոզիումի շրջանակներում հանդես է եկել 17-րդ դարի իտալական գեղանկարչության շուրջ դասախոսությունների ծավալուն շարքով, իսկ նրա դուստրը` Ֆլորենցիայի համալսարանի դասախոս, լեզվաբան Մադալենա Ջովաննելլին Սիմպոզիումի ողջ ընթացքում անցկացրել է իտալերենի բաց դասընթացներ բոլոր ցանկացողների համար:
Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացել է հուլիսի 17-28-ը: Իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք մեկ տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը:
Ստեղծված քանդակներում գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները:
Սիմպոզիումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ: