2 օգոստոսի 2011 - 13:47 AMT
Մեթյու Բրայզան պնդում է, որ ԵԱՀԿ ՄԽ արդեն «որոշակի արդյունքների» է հասել ղարաբաղյան կարգավորման գործում

ԱՄՆ-ն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ամենաբարձր մակարդակով, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հարցն իր լուծումը ստանա: Իսկ հերթական քայլն այդ ուղղությամբ կսահմանի ԵԱՀԿ ՄԽ-ն, ասել է նա:

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր միջնորդությանը ղարաբաղյան կարգավորմանը, ապա ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ արդեն «որոշակի արդյունքների» է հասել ղարաբաղյան կարգավորման գործում: «Մենք գտնում ենք, որ Մինսկի խումբը նորմալ է գործում և արդեն աշխատում են շրջանակային համաձայնագրի վրա: Թեև որոշ խնդիրներ մնացել են փաստաթղթի պատրաստման գործում, հակամարտության կարգավորումը պետք է ավարտի Մինսկի խումբը»,-ասել է Բրայզան, հաղորդում է SalamNews-ը:

Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բաղիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը ցանկացած պահի պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան կարգավորման գործում: Դեսպանը հայտնեց իր երկրի դիրքորոշումը և նշեց, որ եթե ադրբեջանական ու հայկական կողմերը համաձյն լինեն, Իրանը միջնորդ կդառնա ղարաբաղյան կարգավորման հարցում: «Իրանը հարևան երկիր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Ուստի, Իրանը ցանկանում է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի և վերականգնվի տարածաշրջանի կայունությունը»:

Իսկ պարսիկ փորձագետ Բահրամ Ամիրահմադիանը գտնում է, որ ավելի լավ կլինի, եթե Իրանը չմասնակցի ղարաբաղյան կարգավորմանը: Ըստ նրա, հակամարտության լուծումը ենթադրում է հաղթող և պարտվող կողմերի առկայություն: «Սակայն, Իրանը երկու կողմերի հետ էլ զարգացնում է դրական հարաբերությունները: Ուստի, Իրանը պետք է ձեռնպահ մնա միջնորդական գործունեությունից՝ թողնելով այն միջազգային կառույցներին»,-ասել է նա: